Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից վերադարձած հայ պատգամավորները համատեղ հայտարարությամբ հանդես կգան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանը:
Դատապարտելով ցանկացած բռնություն եւ ուժի գործադրում՝ Թեւան Պողոսյանը հույս հայտնեց, որ բոլոր գործերը կբացահայտվեն, մեղավորները կպատժվեն: Պատգամավորն ասաց, որ ԼՂՀ-ում հանդիպել են նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ խմբակցությունների ղեկավարնների, ընդդիմադիրների, ուժային կառույցների ղեկավարների հետ: Նրանք հայ պատգամավորներին մանրամասներ են ներկայացրել Բերձորում տեղի ունեցած դեպքից, թե ինչ գործողություններ է արվել մինչ այդ, նախանշել են լուծման ուղիները: Հարցին, թե կա հայտնի միջադեպի հետ կապված կարեւոր փաստ, հանգամանքը, որին լրատվամիջոցները չեն անդրադարձել եւ հանրությունը տեղյակ չէ, պատգամավորն ասաց. «Մեծ մասամբ շատ բաներ ներկայացված են, կան դետալներ, որոնք ներկայացված չեն, հուսով եմ՝ բոլոր մանրամասները կներկայացվեն: Միանշանակ է, որ սա թե Արցախի պետական մարմինների համար, թե քաղաքական ուժերի, միավորումների, կազմակերպությունների համար դաս կլինի, որպեսզի կարողանան պատասխանատվություն կրել իրենց արածների համար: հուսով ենք, որ նմանատիպ միջադեպերը այլեւս չեն կրկնվի»,-ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանը» հայտնել էր, որ Բերձորում անհայտ անձինք ծեծի են ենթարկել մի խումբ մարդկանց, այդ թվում Քերոբ Ղազարյանին, Մխիթար Ավետիսյանին: Նրանց հետ են եղել նաեւ ազատամարտիկներ: Նրանք պետք է դիմավորեին Երեւանից-Արցախ Հիմնադիր խորհրարանի» կազմակերպած ավտոերթով մեկնող մեքենաներին:
ԼՂՀ ոստիկանության հայտարարությամբ՝ ավելի վաղ ակտիվիստներին կոչ են արել հրաժարվել նախաձեռնությունից՝ ղարաբաղյան հասարակությունում լարվածությունից խուսափելու համար:



























