Թուրք գրող Մուրադ Քահրամանն իր «Երկինքը կորցրած արծիվը» գրքում ներկայացրել է 1937-38 թվականների Դերսիմի կոտորածների ականատեսների վկայությունները՝ հատուկ տեղ առանձնացնելով Սարգիս Գրիգորյանի վկայություններին։
Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ թուրքական «Իլեթիշիմ» հրատարակչատան կողմից լույս տեսած «Երկինքը կորցրած արծիվը» գրքի գլխավոր ականատես Սարգիս Գրիգորյանը մանրամասն պատմել է Դերսիմի Խոզաթի շրջանի Զըմեք գյուղում տեղի ունեցած կոտորածների մասին։
Դերսիմի կոտորածների ժամանակ 12-ամյա Սարգիսը պատմել է, որ իրենց գյուղի մոտ գտնվող Սպիտակ լեռան վրա տեղավորված թուրք զինվորների հետ գյուղի բնակչության հարաբերություններն այնքան լավ է եղել, որ ոչ մեկի մտքով չէր անցնի, որ մի օր նրանք դաժանորեն կսկսեն կոտորել գյուղացիներին։
Սարգիսը հիշել է, որ կոտորածը սկսելուց մեկ օր առաջ գյուղի տղամարդիկ գնացել էին զինվորներին հյուր եւ գյուղից տարած մսով խորոված արել եւ զինվորների հետ միասին կերել։
Գրքում Սարգիսը շեշտել է, որ կոտորածի օրը զինվորները գնդակահարում էին բոլորին անխտիր եւ ինքը մահացած ձեւացնելով է կարողացել փրկվել՝ նշելով, որ կոտորածից հետո իր կողքին տեսել է մոր եւ քրոջ անշունչ դիակները։



























