Նոր Նորքի 4-րդ զանգվածում այսօր՝ փետրվարի 9-ի լուսադեմին, իրեն եւ 9-ամյա որդուն բենզինով սեփական բնակարանում այրած 47-ամյա բնակչուհի Աննա Բադալյանը, որը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից տեղափոխվել էր Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին NEWS.am-ին ասացին կենտրոնի վերակենդանացման բաժնից:

«Աննա Բադալյանի վիճակը ծայրահեղ ծանր է, այրվել է նրա մարմնի մակերեսի 75 եւ շնչուղիների 20 տոկոսը, ինչն անհամատեղելի է կյանքի հետ»,-տեղեկացրեցին վերակենդանացման բաժանմունքից:

Աննա Բադալյանի 9-ամյա որդուն, որն այժմ գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, վիրահատել են: Այժմ երեխան գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն ծանր է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 9-ին, ժամը 05.00-ին ահազանգ է ստացվել հրդեհի մասին: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գյուլիքեխվյան փողոցի թիվ 23/1 շենքի բնակարաններից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.10-ին, մարվել՝ 05.27-ին:

Ամբողջությամբ այրվել է բնակարանը՝ գույքով (28 ք.մ): Հրշեջ-փրկարարները բնակարանից ծխահարված, այրվածքներով եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դուրս են բերել 47-ամյա Ա եւ 9-ամյա Ֆ. Ն.-ներին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի (Դիտավորությամբ մեկ ուրիշին կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք պատճառելը) եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը, որը խոշոր չափերի վնաս է պատճառել)։