Կասեցում» նախաձեռնության ակտիվիստ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արտակ Խաչատրյանի առեւանգման եւ անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարություններին անդրադառնալով ՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Tert.am –ի հետ զրույցում ասաց, որ ինքն ակնկալում է, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ պետք է հետեւի իր քաղաքական կառույցից դուրս եկող հայտարարություններին, այլապես «դրանցում տեղ գտած էմոցիոնալ անհեթեթությունները մենք ստիպված պետք է ընկալենք որպես իր անձնական կարծիք»:
Ներկայացնում ենք վարչապետի պատասխանն ամբողջությամբ։
«Նախ մեր կուսակցությունը խստորեն դատապարտել է կատարված բռնությունը: Մենք դատապարտել ու դատապարտելու ենք հարցերը բռունցքով լուծելու ցանկացած փորձ: Սա միանշանակ է, եւ սրա վերաբերյալ ցանկացած շահարկում անձամբ ես համարում եմ քաղաքական թուլամորթություն, ում կողմից էլ որ այն արվի:
Սա մեկ: Երկրորդ՝ մենք ակնկալում ենք իրավապահների արդյունավետ ու համակողմանի աշխատանք: Ով էլ լինի միջադեպի պատվիրատուն կամ կազմակերպիչը, պետք է բացահայտվի եւ պատասխան տա օրենքի առաջ:
Երրորդ՝ ԲՀԿ-ի կողմից տարածված հայտարարությունը ես համարում եմ շտապողական եւ կոպիտ սխալ, որն ուղղակի անընդունելի է: Ես ակնկալում եմ, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ պետք է հետեւի իր քաղաքական կառույցից դուրս եկող հայտարարություններին, կամ դրանցում տեղ գտած էմոցիոնալ անհեթեթությունները մենք ստիպված պետք է ընկալենք որպես իր անձնական կարծիք: Այդ դեպքում, նման անպատասխանատու հայտարարություններից բխող հնարավոր զարգացումների ու սրացումների ողջ քաղաքական պատասխանատվությունը մնալու է անձամբ Գագիկ Ծառուկյանի վրա»:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ հունվարի 7-ին՝ ժամը 19։00-ի մոտ, Արտակ Խաչատրյանին «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց։ Դրանից մոտ 40 րոպե առաջ Արտակ Խաչատրյանին, որի առեւանգման մասին առավոտյան լուր էր տարածվել, եղբոր խոսքով, «ծեծված ջարդված, կիսագիտակից վիճակում» թողել էին նրա բնակարանի առջեւ ու հեռացել։
Իսկ ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը NEWS.am-ին ասել էր, որ Արտակ Խաչատրյանին առեւանգել են փետրվարի 7-ի առավոտյան Տոլստոյի փողոցից։ Ըստ ականատեսների՝ առեւանգողները եղել են 3 դիմակավորված եւ զինված անձինք, որոնք ձեռներեցին տարել էին անհայտ ուղղությամբ։ Դրանից հետո ԲՀԿ քաղխորհուրդը հայտարարություն էր տարածել՝ խմբակցությանը առաջարկելով բոյկտել ԱԺ հերթական քառօրյայի աշխատանքները:





























