Սիրիան Իսլամական պետության դեմ պայքարելու համար օտարերկրյա ցամաքային զորքերի գործողությունների կարիքը չունի, քանի որ սիրիական բանակը հաջողությամբ գլուխ է հանում իր այդ առաքելությունից առանց արտաքին օգնության։ Այս մասին հայտարարել է երկրի փոխվարչապետ, Սիրիայի արտաքին գործերի եւ ներգաղթյալների հարցերով նախարար Վալիդ Ալ Մուալեմը։ Այս մասին գրում է Սիրիայի պետական լրատվական ՍԱՆԱ գործակալությունը։
Արտգործնախարարը ընդգծել է, որ ոչ ոքի չի թույլատրվում ոտնձգություններ թույլ տալ պետության ազգային ինքնիշխանության հանդեպ։ «Պետության համար առաջնայինը շարունակում է մնալ ահաբեկչության դեմ պայքարը նրա բոլոր դրսեւորումներով եւ տեղում խաղաղության հաստատումը՝ քաղաքական կարգավորման հասնելու նպատակով»։
Նրա խոսքով՝ Սիրիան կձեռնարկի ցանկացած նախաձեռնություն ահաբեկչությունն արմատախիլ անելու համար, սակայն պետության համար առաջնային է միջսիրիական երկխոսությունը։ «Սիրիան լի է Դամասկոսում միջսիրիական երկխոսությունը շարունակելու ուղղությամբ ջանքեր գործադրելու վճռականությամբ»։





























