Մեքսիկայի դատարանը որոշել է ազատ արձակել թմրաբարոնուհի Սանդրա Ավիլա Բելթրանին, որին 2007-ից պահում էին տեղի եւ ամերիկյան բանտերում։ Այս մասին գրում է Excelsior-ը։ Մոդելային արտաքինի պատճառով նա ստացել էր «Խաղաղ օվկիանոսի թագուհի» ոչ պաշտոնական կոչումը։
Սանդրա Բելթրանը «Սինալոա» թմրակարտելի պարագլուխներից էր։ Մեքսիկայում նա ձերբակալվել էր փողերի լվացման մեղադրանքով։ Նրան ձերբակալել էին 2007թ. Մեխիկոյում սիրեկանի՝ Խուան Դիեգո Էսպինոզո Ռամիրեսի հետ։ Ոստիկանությունը Սանդրայից նաեւ առգրավել էր Ջալիսկո նահանգում գտնվող անշաժ գույքի 225 օբյեկտները, գրում է NEWSru.com-ը։
Սանդրա Բելթրանը մասնակցել է 2001թ. մեքսիկական Մանսանիլյո նավահանգստում 9 տոննա կոկաինի մաքսանենգության փորձին։ Թմրանյութերը փորձել էին տեղափոխել ձկնորսական նավի խցում։
Սանդրան առաջին կինն է, որին մեղադրում են թմրամաֆիայի խմբավորում ղեկավարելու համար։ Սակայն Մեքսիկայի իշխանությունները չկարողացան ապացուցել նրա մեղքը, թեպետ դեռեւս 2001թ. ամերիկացի գործակալները գաղտնալսել էին կնոջ հեռախոսային խոսակցությունները, որոնց ժամանակ նա, ենթադրաբար, պահանջում էր վճարել Չիկագոյից տեղափոխված 100 կգ կոկաինի գինը։



























