Ինչպես սովորական մարդիկ, այնպես էլ պետությունների ղեկավարները լինում են հուսալի կամ անվստահելի։ Պետության համար առավելապես կարեւոր է հուսալի դաշնակիցներ ունենալը հատկապես ճգնաժամի ժամանակ։ Ռուսաստանի համար նման «ազնիվ, հուսալի եւ օբյեկտիվ ընկեր է» «կրակի եւ խիզախ մարդկանց երկիր» Ադրբեջանը։
ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը հունվարի 31-ին «Վեստի 24» հեռուստաալիքի եթերում օրինակ էր բերել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը եւ նշել, որ վերջինս չի ենթարկվում քաղաքական ճնշումներին եւ քվեարկում է այնպես, ինչպես ինքն է հարկ համարում։ Ադրբեջանի մասին խոսք էր գնացել այն ժամանակ, երբ Նարիշկինը պատմել էր ԵԽԽՎ վերջին նստաշրջանի մասին, որի ընթացքում Ռուսաստանը, կորցնելով ձայնի իրավունքը, լքել էր ԵԽԽՎ-ն մեկ տարի ժամկետով։
«ԵԽԽՎ կազմի մեկ երրորդը ամուր, առողջ դատող, ազնիվ մարդիկ, պատգամավորներ ու խորհրդարանականներ են, որոնք ամեն ինչ հասկանում են եւ քվեարկում են արդար՝ չվախենալով ազնիվ քվեարկելուց։ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության մեր ընկերները քվեարկել են այնպես, ինչպես ճիշտ են համարել՝ հօգուտ արդարության, առողջ դատողության եւ ժողովրդավարության։ Սա իբրեւ օրինակ»,- ասել է Նարիշկինը։
Իսկ հիմա եկեք դիտարկենք, թե որքանով է Ադրբեջանը հուսալի եւ օբյեկտիվ դաշնակից հանդիսանում։
Օրինակի համար վերցնենք 2015թ. փետրվարի 7-ին Մյունխենում անվտանգության 51-րդ կոնֆերանսի ժամանակ Ալիեւի ելույթը։ Կոֆերանսի շրջանակներում տեղի ունեցան քննարկումներ «Եվրոպայում Ուկրաինայից բացի չկարգավորված խնդիրները» թեմայով։
Ալիեւը ելույթ ունեցավ եւ պատասխանեց Սլովենիայի նախագահ Բորուտ Պահորի նախագահությամբ կայացած քննարկման հարցերին։
Մեջբերենք «Ռուսաստանի հուսալի դաշնակից» Ալիեւի ելույթից մի քանի հատված. «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նույնքան արժեք ունի, որքան որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, որի մասին հիմա այստեղ խոսում ենք։ Կարծում եմ, որ ուկրաինական հիմնախնդրից քաղած դասերը պետք է շատ ուշադիր ուսումնասիրվեն։ Եթե հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորված լիներ, ապա Ուկրաինան, հնարավոր է, չբախվեր այսօրվա խնդրին, քանի որ այստեղ ամեն ինչ կատարվել է նույն սցենարով, այն է՝ տարածքային ամբողջականության խախտումով, որը հանգեցրել է նույն արդյունքին՝ օկուպացիայի եւ անջատողականության»։
Ահա այսպես Ալիեւը Ռուսաստանին մեղադրում է օկուպացիայի եւ անջատողականության մեջ։. «ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում մենք, ի տարբերություն Հայաստանի, քվեարկել ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման օգտին»։
Այստեղ հարց է առաջանում. չի՞ հետեւել արդյոք այս ելույթին ՌԴ Պետդումայի նախագահ Նարիշկինը, որի հայրենակից Լավրովը մի քանի ժամ առաջ այդ նույն հարթակից հետ էր մղում նմանատիպ մեղադրանքները։
«Սակայն երկակի չափանիշները իրականություն են։ Մասնավորապես, տեսնելով պատժամիջոցների կիրառումը, մենք հարցնում ենք ինքներս մեզ. «Ինչու՞ այդ պատժամիջոցները չեն կիրառվում Հայաստանի դեմ։ Չէ՚՞որ նրանք նույն բանն են արել։ Ինչու՞ նրանց դեմ պատժամիջոցներ չենկիրառվում»։
Փաստացիորեն «խիզախ» Ալիեւը Նարիշկինին մանեւրելու տեղ չի թողնում եւ ողջունում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառած երկրներին։
Ահա եւ ձեզ հուսալի դաշնակիցը։ Ո՞ր արժանիքների համար է Ալիեւն այդպես շահել Նարիշկինի սիրտը։ Ի միջի այլոց, Ալիեւը միշտ Ռուսաստանի դեմ է տրամադրված եղել, պարզապես մենք չէինք ցանկանա մեջբերումներ անել նրա նախկին ելույթներից։ Հակառակ դեպքում «Ռուսաստանի դաշնակցի» հակառուսական ելույթները մի քանի հատոր կկազմեն։ Սակայն Նարիշկինը համառորեն չի ցանկանում նկատել այդ ելույթները։
Նարիշկինը նաեւ չի նկատում, ինչպես է Բաքուն Ռուսաստանին բացահայտորեն մեղադրում Ադրբեջանում իրավիճակը ապակայունացնելու մեջ։ Եվ մինչեւ հիմա իշխանությունների հսկողության տակ գտնվող լրատվամիջոցները հանդես են գալիս Ռուսաստանի դեմ կոշտ մեղադրանքներով։
Արմինե Բեգլարյան



























