Այսօր շարոնակվում է Թուրքիայի գիտական շրջանակների կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ զեղծարար քարոզչությունը: Այս մասին՝ փետրվարի 10-ին կայացած «Հայոց ցեղասպանության անպատժելիությունը: 100-ամյակ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Երեւանի պետական համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետի դոցենտ, թուրքագետ Լուսինե Սահակյանը:
Ըստ նրա, Հայոց ցեղասպանության հերքումը պաշտոնական Անկարայի առաջնային խնդիրներից մեկն է:
«Նրանք ոչ միայն հերքում են Հայոց ցեղասպանության փաստը, այլ նաեւ այն ամենը, ինչ կապված է հայոց պատմության հետ, այն ամենը, ինչ ապացուցում է, որ Արեւմտյան Հայաստանը հայոց ազգի պատմական հայրենիքի մաս է եղել»,-ընդգծել է Սահակյանը:
Թուրքագետը նշել է, որ Թուրքիայի գիտական շրջանակներում Արեւմտյան Հայաստանի փոխարեն ընդունում են «Արեւելյան Անատոլիա» եզրը: Նա նշել է, որ շատ արեւմտյան գիտնականներ՝ նույնիսկ հայագետներ, Արեւմտյան Հայաստանի մասին խոսելիս օգտագործում են «Արեւելյան Անատոլիա» եզրը:
«Դա մեզ համար անընդունելի է, որովհետեւ հերքում է Արեւմտյան Հայաստանում հայերի ապրելու փաստը: Մենք պետք է կոչ անենք նրանց չօգտագործել «Արեւելյան Անատոլիա» եզրը: Դա անհեթեթություն է, դա նշանակում է «արեւելքի արեւելք»»,- ընդգծել է Լուսինե Սահակյանը:





























