Ադրբեջանը ԼՂՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ երկխոսության մասին հայտարարություն է տարածել:

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին Երեւանում տեղի է ունեցել ԼՂՀ ԱԳՆ ղեկավար Կարեն Միրզոյանի եւ Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հանդիպումը։

«Ադրբեջանական կողմը բազմիցս նշել է, որ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանի հայկական եւ ադրբեջանական համայնքները պետք է շփում ունենան։ ԵՄ-ն կարող է իր դերը խաղալ նման շփումներին աջակցելու  համար»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության պետ Հիքմեթ Գաջիեւը։ Նրա խոսքով՝ադրբեջանական կողմը նախապես տեղյակ է եղել այդ հանդիպման մասին։

«Լեռնային Ղարաբաղի շրջանում ապրող հայերը նույնպես Ադրբեջանի քաղաքացիներ են հանդիսանում։ Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի գլխավորած պատվիրակության անդամները 2014թ. հոկտեմբերին Ադրբեջան կատարած այցի ժամանակ հանդիպել են Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ եւ լսել են հարցի կարգավորման վերաբերյալ նրանց կարծիքը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կարեն Միրզոյանը ընդգծել է ԵՄ ներկայացուցիչների՝ Արցախ անարգել մուտք կատարելու կարեւորությունը եւ Հերբերտ Զալբերին հրավիրել էր այցելել ԼՂՀ՝ նրա մանդատի շրջանակներում տեղում իրականությանը ծանոթանալու նպատակով։ Միաժամանակ նշենք, որ ադրբեջանական կողմը, հայտարարելով «ադրբեջանական համայնքի» առկայության  մասին, ցանկալին իրականության տեղ է ներկայացնում։ ԼՂՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ նման կառույց գոյություն չունի։ Հատկապես ծիծաղելի են Լեռնային Ղարաբաղի հանրապետության քաղաքացիների՝ ադրբեջանահպատակ լինելու մասին հայտարարությունները։