Երեւանի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնում փետրվարի 10-ին կայացավ «Հասարակական մասնակցության եւ բազմալիք դիվանագիտության մեխանիզմները խաղաղության գործընթացներում. Բասկերի Երկրի դասերը» անվանումով զեկույցի շնորհանդեսը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում:

Երեւանի մամուլի ակումբի ծրագրերի համակարգող Հայկակ Արշամյանի խոսքով, սա արդեն նման երրորդ հրատարակությունն է: Ծրագիրն իրականացվում է International Alert-ի եւ Եվրոպական գործընկերության հետ համատեղ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով:

«Առաջին զեկույցը նվիրված էր Լեռնային Ղարաբաղին եւ հակամարտության կարգավորման մեխանիզմներին: Երկրորդ զեկույցում զուգահեռներ են անցկացվել Լեռնային Ղարաբաղի եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ: Իսկ երրորդն անդրադառնում է Բասկերի Երկրի դասերին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում»,- նշեց նա:

Շնորհանդեսի մասնակիցներին ներկայացվել է զեկույցի ռուսերեն տարբերակը: Հայկակ Արշամյանի խոսքով, հայերեն տարբերակը նույնպես արդեն պատրաստ է, իսկ անգլերեն թարգմանությունը հասանելի է առցանց տարբերակով: Զեկույցը թարգմանվելու է նաեւ ադրբեջաներեն:

Զեկույցի հեղինակներն են պատմաբան եւ վերլուծաբան Միքայել Զոլյանը՝ Հայաստանից, Ստեփանակերտի մամուլի ակումբի ղեկավար Գեղամ Բաղդասարյանը, եւս մեկ ներկայացուցիչ Արցախից՝ Մասիս Մայիլյանը, ինչպես նաեւ ադրբեջանական փորձագետներ Ավազ Հասանովն ու Իլգար Վելիզադեն (Ադրբեջանում «ՌԻԱ Նովոստի»-ի մասնաճյուղի ղեկավար):

Զեկույցի նախաբանը, ըստ Հայկակ Արշամյանի, գրել են Իսպանիայում բնակվող քաղաքագետներ Խուան Բաուտիստա Խիմենես Գերրան եւ Պաուլ Ռիոսը: «Նրանք փորձել են ներկայացնել Բասկերի Երկրի իրավիճակը 1950 թվականից մինչեւ հիմա, հատկապես անդրադառնալով «Էտա» կազմակերպության գործունեությունը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունները շատ կարեւոր են, քանի որ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ աշխատանքն աստիճանաբար դժվարանում եւ սահմանափակվում է: