Բասկերի Երկրի օրինակով մենք տեսանք, որ հակամարտությունը կարգավորվեց, եթե, իհարկե, կարելի է այն կարգավորված համարել, ժողովրդավարական վերափոխումների միջոցով: Այս մասին փետրվարի 10-ին կայացած «Հասարակական մասնակցության եւ բազմալիք դիվանագիտության մեխանիզմները խաղաղության գործընթացներում. Բասկերի Երկրի դասերը» անվանումով զեկույցի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց դրա հեղինակներից, պատմաբան եւ վերլուծաբան Միքայել Զոլյանը:

Պարզաբանելով պատճառը, թե ինչու է հենց Բասկերի Երկիրն ընտրվել, նա նշեց, որ զեկույցի հեղինակները փորձել են ուսումնասիրել, թե ինչպես են կարգավորվում հակամարտություններն Արեւմտյան Եվրոպայում:

«Որքան ավելի ժողովրդավար է դարձել Իսպանիան, այնքան մեծացել է այն մարդկանց թիվը, ովքեր հանդես են գալիս խնդիրները բանակցությունների եւ խաղաղ ճանապարհով լուծելու օգտին»,- փաստեց Միքայել Զոլյանը՝ միաժամանակ խոստովանելով, որ Ադրբեջանը մոտ ապագայում չի կարող Իսպանիայի նման երկիր դառնալ: