ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի տեղի է ունեցել մտքերի փոխանակում մի շարք հարցերի, այդ թվում՝ ԼՂՀ եւ ԵՄ միջեւ համագործակցության հնարավորությունների ու հեռանկարների շուրջ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական կողմի փորձերը, թե հանդիպումը կայացել է միջհամայնքային երկխոսության համատեքստում։

«Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի փորձերին զուգահեռներ անցկացնելու այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի եւ Հերբերտ Զալբերի միջեւ կայացած հանդիպման հետ, ապա իրենց գործունեության բնույթով ինչպես ԵՄ հատուկ ներկայացուցիչը, այնպես էլ այլ պաշտոնատար անձինք հանդիպում են տարբեր ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Իրեն «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հռչակող այդ կառույցն Ադրբեջանում որպես ոչ կառավարական կազմակերպություն գրանցվել է 2006 թ.: Այն անվանումից բացի՝ ընդհանուր ոչինչ չունի Լեռնային Ղարաբաղի հետ եւ ստեղծվել է ադրբեջանական իշխանությունների կողմից՝ հակամարտության էությունն աղավաղելու ու քաղաքացիական խաղաղարար նախաձեռնությունները քաղաքականացնելու նպատակով»,- նշել է Անի Սարգսյանը: