Փարիզի «La Pagode» կինոթատրոնում կայացել է «Հայոց ցեղասպանությունը 100 տարի անց. ինչպիսի՞ն են մարդկության համար դասերը» թեմայով կոնֆերանս, որը նախաձեռնել են «Nouvelles d’Arménie» եւ «La Règle du jeu» պարբերականները:

 «Nouvelles d’Arménie»-ի փոխանցմամբ, կինոթատրոնի դահլիճը բավական փոքր է եղել՝ մասնակցության ցանկություն հայտնած բոլոր 930 հոգուն տեղավորելու համար: Կոնֆերանսին ներկա են եղել նաեւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը, դիվանագիտական առաքելության աշխատակիցներ, Ալեքսիս Գովջիյանը, Մուրադ Փափազյանը, Վալերի Թորանյանը եւ Գիյոմ Պերիեն:

Արա Թորանյանը, Ֆրանց-Օլիվիե Ժիսբերը, Ռոբեր Գետիկյանը, Լորա Մարշանն ու Անդրե Մանուկյանն իրավիճակի շուրջ իրենց տեսակետն են ներկայացրել՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից երկու ամիս առաջ: Նրանք նաեւ պատասխանել են ներկաների հարցերին:

Ֆրանսիացի փիլիսոփա, գրող Բեռնար Անրի-Լեւին իր հերթին տեսաուղերձ է թողել հավաքի մասնակիցների համար: