Հայ-թուրքական եւ ղարաբաղյան խնդիրների լուծման բանալին գտնվումէ Ռուսաստանի ձեռքում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայոց համազգային շարժման 16-րդ համագումարում:
Ըստ Տեր-Պետրոսյանի՝ ԼՂ հարցի ձգձգումը որքան էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները բացատրում են կողմերի համաձայնության չգալու հանգամանքով, ակնհայտ է, որ այն պայմանավորված է Արեւմուտքի կողմից ձգձգմամբ:
«Արեւմուտքն այսօր այդ հարցը չի դիտարկում որպես առաջնահերթություն:
Մեղքս չեմ թաքցնի, ես էլ կարծում էի, որ ԼՂ կարգավորումն առաջնահերթություն է Արեւմուտքի համար, սակայն զարգացումները ցույց տվեցին, որ նրան ավելի հետաքրքրում են Իրաքն ու Իրանը»,- նշել է ՀԱԿ առաջնորդը:
Տեր-Պետրոսյանը նշել է, որ Արեւմուտքը պետք է անկեղծորեն խոստովանի դա, որպեսզի կողմերը այլընտրանքային ուղիներ փնտրեն: «Ի տարբերություն Արեւմուտքի, Ռուսաստանի համար Այսրովկասը եղել եւ մնում է կենսական շահերի ոլորտ եւ միամտություն կլինի կարծել, թե նա կհրաժարվի իր շահերը սպասարկելուց: Բացի այդ, Արեւմուտքն էլ ենթագիտակցաբար տարածաշրջանը դիտարկում է, որպես Ռուսաստանի ազդեցության գոտի»,- նշել է Տեր-Պետրոսյանն ու ամփոփել. «Իսկ դա նշանակում է, որ հայ-թուրքական եւ ղարաբաղյան խնդիրների լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում»:




























