Բելգիայի Սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղար Ժիլ Մայոն լսել է Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված լռության րոպեին ներկա չլինելու կապակցությամբ պատգամավոր Էմիր Քիրի բացատրությունները։ Այս մասին հայտնում է բելգիական RTBF հեռուստաընկերությունը՝ հավելելով, որ Սոցիալիստական կուսակցության այդ հայտարարությունը զուրկ չէ երկիմաստությունից։
«Հարաբերությունները բացահայտելը կարեւոր է։ Զայրույթը կամ կոնֆլիկտը մեղմելը եւ մեկը մյուսին հասկանալը նույնպես շատ կարեւոր է։ Սոցիալիստական կուսակցությունը որոշել է անել ե՛ւ մեկը, եւ՛ մյուսը»,- նշել է Մայոն հանդիպման ավարտին արած հայտարարության մեջ։
«Սոցիալիստական կուսակցությունը կրկնում է. մենք կարծում ենք, որ պլանավորված զանգվածային սպանություններն ու կազմակերպած տեղահանությունները, որոնց զոհը դարձան հայերը, ցեղասպանություն էր... Ոչ ոք չի կարող անպատիժ հերքել բռնությունը այդ ազգի հանդեպ, որը պատմության նահատակ է, ուստի Սոցիալիստական կուսակցությունը կարգի է հրավիրում իր այն անդամներին, որոնք խուսափում են այդ դիրքորոշումից»,- հավելել է կուսակցության գլխավոր քարտուղարը։
Նրա խոսքով՝ Էմիր Քիրը գիտի իր կուսակցության դիրքորոշումը, որը ինքը երբեք հարցականի տակ չի դրել։ «Նա ցանկանում է ժողովուրդների հաշտեցման կողմնակից դառնալ եւ դեմ է հանդես գալիս բռնության ցանկացած դրսեւորման, հատկապես քաղաքական բռնության կամ որեւէ ազգի դեմ դրսեւորվող բռնությանը»,- նշել է Ժիլ Մայոն։
Այսուհանդերձ թեպետ Սոցիալիստական կուսակցության հայտարարության սկզբում հստակ հիշատակվում է ցեղասպանություն եզրը, հետագայում այն ավելի երկիմաստ է դառնում, երբ խոսքը Էմիր Քիրի դիրքորոշմանն է վերաբերում։ «Բելգիայի կառավարության եւ հետեւաբար Բելգիայի պաշտոնական դիրքորոշմանը համահունչ՝ Էմիր Քիրը ամբողջովին ընդունում եւ դատապարտում է այդ մարդկային ողբերգությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Այդ հատվածի երկիմաստությունը ընդգծում է Բելգիայի պաշտոնական դիրքորոշման ոչ միանշանակ լինելը։ Բելգիայում միայն Սենատն է համապատասխան բանաձեւ ընդունել, որով Թուրքիային կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ «Բելգիայի կառավարության պես Էմիր Քիրը Թուրքիային եւ Հայաստանին կոչ է անում ջանքեր գործադրել հարաբերությունների կարգավորման համար, որպեսզի ճանաչեն այն, ինչ կատարվել է անցյալում»,- ասված է Սոցիալիստական կուսակցության հայտարարության մեջ։
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Սոցիալիստական կուսակցության ծագումով թուրք պատգամավոր Էմիր Քիրը եւ այլ կուսակցությունների թուրք մի քանի պատգամավորներ ներկա չէին եղել Հայոց ցեղասպանության հիշատակի րոպեի արարողությանը։





























