Ամերիկահայ փաստաբանների դաշնային հայցը թուրքական կառավարության եւ երկու թուրքական բանկերի դեմ կասկածի տակ է դրվել միջազգային իրավունքի մասնագետների կողմից, ովքեր նշում են, թե պետության դեմ չի կարող հայց ներկայացվել տեղական դատարանում, գրում է թուրքական Hürriyet Daily News & Economic Review-ն:
«Այդ հայցը ներկայացվել է, որ օրակարգում պահվեն հայերի պնդումները: Նրանք չեն հաղթի գործը: Դա արվում է 2015թ. տարեդարձի շրջանակներում, քանի որ ձգտում են հայցին կոլեկտիվ բնույթ հաղորդել, հայցի քննությունը առնվազն կձգվի հինգ տարի»,- ասել է միջազգային իրավունքի մասնագետ Իբրահիմ Քայան:
Քայան այն փորձագետներից է, ով պնդում է, թե տեղական դատարանը չի կարող գործ հարուցել պետության դեմ միջազգային իրավունքի հարցով: Նա նկատել է, որ դատարանը չի կարող ընդունել հայցն այդ հիմնավորմամբ: Մյուսները, սակայն, նշել են, թե դատարանը կարող է ընդունել հայցը, եթե գտնի, որ բանկերը լիակատար պետական հաստատություններ չեն:
«Քանի որ Զիրաաթն ու Կենտրոնական բանկը պետական բանկեր են, տեսականորեն նրանց կարող է հայց ներկայացվել միայն թուրքական դատարաններում»,- ասել է Քայան. «Բայց Լոզանի եւ Կարսի պայմանագրերը ժամկետ են սահմանում նման պահանջների համար, իսկ այդ ժամկետն արդեն ավարտվել է»:
Պրոֆեսոր Հուսեյն Փազարչին ասել է, թե ամերիկյան դատարանը կարող է ընդունել հայցը, թեեւ կարծում է, որ դատարանը չպետք է պետության դեմ հայց ընդունի: Դատարանը պետք է գնահատաի, արդյոք այդ բանկերը պետական են, նաեւ կարող է որոշել, որ բանկերը չեն ակրող փոխարինել պետության, անգամ եթե պետական են:




























