ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հիշեցրել է ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ շփումների անհրաժեշտության մասին։
«Համանախագահները առաջարկներ են արել, որոնք ստատուս քվոն կփոխեին դեպի լավը՝ բարձրացնելով թափանցիկությունը եւ բարելավելով անվտանգությունը, սակայն դրանք հետեւողականորեն մերժվում են։ Մենք կցանկանայինք նաեւ, որպեսզի կողմերը դիտարկեին մարդկանց միջեւ շփումներ հաստատելու մասին մեր առաջարկները, ինչը հնարավորություն կտար վստահություն հաստատել հայ եւ ադրբեջանցի համայնքների միջեւ»,- մեջբերում է Ուորլիքի խոսքը report.az-ը։
Նրա խոսքով՝ անցյալ տարի հայ ադրբեջանական սահմանին եւ զորքերի շփման գծում բռնության աճը չափազանց տագնապալի էր եւ ցույց է տալիս հակամարտության կարգավորման հարցով բանակցություններում առաջընթաց գրանցելու համանախագահների կարողության ձախողումը։ Միջնորդը կողմերին կոչ է արել խստորեն պահպանել հրադադարի պահպանման ռեժիմը։
Ուորլիքը նշել է, որ միջնորդներն ակտիվորեն աշխատում են արտգործնախարարների հետ նախագահների առաջիկա հանդիպումը կազմակերպելու համար։ «Մենք կարծում ենք, որ կողմերը պետք է բանակցային գործընթացի շրջանակներում պարբերաբար հանդիպումներ ունենան՝ այդպիսով լրացնելով նախագահների հանդիպումները։ Կոնկրետ ամսաթիվ չենք կարող նշել, սակայն համանախագահները պլանավորում են մոտ ժամանակներս այցելել տարածաշրջան»,- հայտարարել է ամերիկացի համանախագահը։
Անդրադառնալով մայիսի 21-22-ին Ռիգայում ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում ԵՀԱԿ ՄԽ համանախագահների եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը՝ Ուորլիքը հայտարարեց, որ նման հանդիպում չի պլանավորվում։ «Սակայն եթե նախագահները ցանկանան հանդիպել ու քննարկել խաղաղության տանող ուղիները, համանախագահները միշտ էլ պատրաստ են աջակցել»,- հավելեց նա։




























