Իսրայելի դատախազությունը մեղադրական եզրակացություն է կազմել նախկին ԽՍՀՄ տարածքում եւ Արեւելյան Եվրոպայում մարդկային օրգանների վաճառքով եւ ապօրինի փոխպատվաստումով զբաղվող 7 իսրայելցիների դեմ։ Այս մասին գրում է haqqin.az-ը՝ վկայակոչելով IzRus գործակալությունը։ Դրանցից 3-ը ռուսալեզու հայրենադարձներ են, որոնք աչքի են ընկել Ուկրաինայում եւ Ադրբեջանում։
2012թ. մայիսին ֆիգուրանտներից 5-ը՝ Բորիս Վոլֆմանը, Միրիամ Ռաբինովիչը, Ավիգադ Սանդլերը, Ալբերտ Մորդեխաեւը եւ Մոշե Հարելը, ձերբակալվել էին։ Եվս 2 մեղադրյալ՝ Ռոինի Շիմշիլոշվիլին եւ Զաքի Շապիրոն, ձերբակալվել էին ավելի ուշ։
Ապօրինի վիրահատությունները իրականացվել էին 2008-2014թթ. Կոսովոյում, Թուրքիայում Ադրբեջանում, Շրի Լանկայում։
Դոնորները, որոնց չարագործները գտնում էին Ռուսաստանում, Մոլդովայում, Ղազախստանում եւ ԱՊՀ այլ երկրներում, իրենց օրգանները վաճառում էին 10 հազար դոլարով։ Փոխպատվաստման համար հաճախորդները վճարել էին միջինում 100 հազար դոլար։





























