Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի մշտական քարտուղար Պիեր Բայեի հետ: Ողջունելով հյուրին` Տարոն Մարգարյանը նկատել է, որ Երեւանի քաղաքապետարանի եւ Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի միջեւ վերջին տարիներին ձեւավորված փոխգործակցությունն իսկապես եղել է արդյունավետ: Քաղաքապետն առանձնակի կարեւորել է Երեւանում ֆրանկոֆոնիայի առաջխաղացմանը ցուցաբերվող մշտական աջակցությունն ու ասոցիացիայի կողմից ֆինանսավորված ծրագրերը, որոնք կյանքի են կոչվել Երեւանի N 48 եւ 78 հիմնական դպրոցներում, Ավ. Իսահակյանի անվ. կենտրոնական գրադարանում, Ալ. Սպենդիարյանի անվ. երաժշտական դպրոցում, Ղ. Սարյանի անվ. արվեստի, ինչպես նաեւ N 119 ավագ դպրոցներում:
«Երեւանի քաղաքապետարանը, լինելով Ֆրանկոֆոն ընտանիքի անդամ, մեծ կարեւորություն է տալիս ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի հետ համագործակցությանը։ Ամեն տարի Երեւանում իսկապես մեծ շուքով է նշվում ֆրանկոֆոնիայի միամսյակը, հատկապես քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կրթական եւ մշակութային հաստատություններում, եւ ես վստահ եմ, որ ձեւավորված համագործակցության շնորհիվ մենք հնարավորություն կունենաք առաջիկայում նորանոր ոլորտներ ընդգրկել ու զարգացնել՝ ապահովելով արդյունավետ ծրագրերի շարունակականությունը», - ընդգծել է քաղաքապետը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի մշտական քարտուղար Պիեր Բայեն իր հերթին կարեւորելով Երեւանի քաղաքապետարանի հետ ձեւավորված փոխգործակցությունը` նշել է, որ այն արդյունավետ է, հաջողված ու հեռանկարային:
«Երեւանի քաղաքապետարանն իսկապես վստահելի գործընկեր է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի համար, ինչում մենք բազմիցս ենք համոզվել: Երեւանում իրականացվող ծրագրերին Ձեր կողմից ցուցաբերվող աջակցությունն ու հետեւողականությունը հնարավորություն են տալիս մեր նախաձեռնությունների հաջող իրականացմանը: Մենք եւս պատրաստակամ ենք, պարոն քաղաքապետ, շարունակելու փոխգործակցությունը եւ ընդլայնելու գործակցության շրջանակները»,- նշել է Պիեր Բայեն:
Հանդիպման շրջանակում հաստատվել է առաջիկայում Նոր Նորքի կենտրոնական գրադարանում ֆրանկոֆոնիայի անկյուն ստեղծելու ծրագիրը:





























