ԲՀԿ-ից հեռացած Տիգրան Ուրիխանյանի հիմնադրած «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը առաջարկում է շարունակել ոչ իշխանական քաղաքական ուժերի՝ աշնանը ստեղծած միասնական օրակարգը: Այսօր՝ մայիսի 16-ին, կուսակցության հիմնադիր համագումարին Տիգրան Ուրիխանյանն իր ելույթում նշեց, որ իրենք ցանկանում են շարունակել պահանջատիրությունը եւ համակարգային փոփոխություններին ուղղված ճանապարհը:
«Անցած տարվա վերջին Հայաստանի Հանրապետությունում ստեղծվեց մի իրավիճակ, երբ առաջին անգամ սոցիալական, տնտեսական մի լուրջ օրակարգ էր ձեւավորվել քաղաքական ուժերի կողմից եւ ներկայացվել հանրությանը: Այդ օրակարգը բաղկացած էր յուրաքանչյուր քաղաքացուն հուզող խնդրից: Ինչ տեղի ունեցավ փետրվարին՝ հայտնի է բոլորին: Ցավոք, ընդդիմադիր, ոչ իշխանական ուժերի միավորումը տապալվեց, այնուհետեւ ապաակտիվացավ: Արդյոք չկա՞ անհրաժեշտություն համալրելու եւ ուժեղացնելու քաղաքական դաշտը: Կա: Արդյոք անհրաժեշտություն չկա՞ շարունակել ոչ իշխանական ուժերի սկսած գործը: Կա»,- ասաց Ուրիխանյանը։
Նրա խոսքով՝ երկրում տնտեսական անկման տեմպերի ինտեսիվությունը չի դադարել, ինչն էլ իրենց դրդել է ձեւավորել այս կուսակցությունը եւ դրա օրակարգը. «Առանց խորանալու առկա վիճակի մեջ, որովհետեւ այն հայտնի է բոլորին: Բոլոր բացատությունները առկա պրոբլեմների առթիվ տրվում են հետեւյալ կերպ՝ չկան միջոցներ, չկա փող, շրջանառություն, հարկեր, աշխարհաքաղաքական դիրքն է դրա վրա ազդում»։
Ուրիխանյանն ընդգծեց, որ իրենց կուսակցության դռները բաց են բոլոր «կիրթ, ազնիվ սիրտ ունեցող, գիտելիքներով օժտված մարդկանց համար։
«Տեսնում եմ ընդդիմադիր քաղաքական դաշտը համալրելու եւ այն ուժեղացնելու անհրաժեշտություն: Ինչ կստացվի մեզ մոտ, չգիտեմ, բայց գիտեմ՝ մեր դռները բացվել են գիտելիքներով օժտված մարդկանց համար, որոնք կայացնելու են որոշումներ, գտնելու են լուծումների առաջարկներ, որոշումների կայացման դաշտում բերելու են իրենց ազդեցությունը: Միայն նրանց որոշելու հնարավորություն տալով՝ կարող ենք երկրում փոփոխություն ակնկալել»:
Հիշեցնենք, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն էր տարածել եւ նշել, որ ԲՀԿ-ում իր մնալն այլեւս աննպատակահարմար է: Նա ասել էր, որ ընդունել է հազարից ավելի «ազնիվ ու պարկեշտ իր համախոհների» առաջարկն ու մասնակցում է «Քաղաքացիական շտաբի» հիմնադրմանը, որի շրջանակներում շարունակելու է պայքարը հանուն ապագայի: Նա դիմել էր մարզահամերգային համալիրին, որպեսզի մայիսի 2-ին դահլիճ տրամադրեն համագումարի համար, սակայն ազատ դահլիճ չկար: Դրանից հետո դիմել էին Կառավարության նիստերի դահլիճը վարձակալելու համար: «Քաղաքացիական շտաբի» նախաձեռնող խումբը որոշում է կայացրել հիմնադրելու «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը:



























