«Հրազդան» տոնավաճառի աշխատակիցները բողոքում են, որ այլ տոնավաճառների աշխատակիցները մարդկանց շրջանում սուտ տեղեկություններ են տարածում, թե տոնավաճառը փակ է:
«Հաճախորդները գնում են առեւտրի, ասում են՝ փակ է «Հրազդանը։ Մենք խնդրում ենք մեր ընկերներին, տոնավաճառների տնօրեններին, որ չասեն, թե մեր տոնավաճառը փակ է: Սա հացի խնդիր է, սա քաղաքականություն չի, հեղաշրջում չի: Եթե շարունակեն հայտարարել, մենք արդեն ուրիշ հայտարարություններ կանենք: Օրվա մեջ մի քանի անգամ զանգեր ենք ստանում հաճախորդներից, զարմացած հարցնում են՝ բա փա՞կ չի ձեր տոնավաճառը: Ասել ենք, ու կասենք, մենք ամեն ինչ անելու ենք, որ «Հրազդան» տոնավաճառը պահենք, չփակվի»,- այսօր՝ մայիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանի տոնավաճառներ» ՀԿ նախագահ Գագիկ Դանիելյանը:
Գագիկ Դանիելյանը նշեց, որ այլ տոնավաճառներում՝ այդ թվում Գագիկ Ծառուկյանին պատկանող՝ «Առինջ մոլ» տոնավաճառում աշխատում են մարդիկ, որոնք տեղափոխվել են «Հրազդան» տոնավաճառից: Նրա խոսքով՝ նման հայտարություններ տարածելու պատճառը միայն այն է, որ իրենց մոտ ապրանքներն ավելի էժան են, քան այլ տոնավաճառներում, եւ այդ կերպ մյուսները ցանկանում են իրենց ապրանքների վաճառքը մեծացնել:
Գագիկ Դանիելյանը նշեց, որ Աբովյանի տոնավաճառ են տեղափոխվել իրենց աշխատակիցների մոտ 40 տոկոսը: Նրա խոսքով՝ այժմ իրենք «Հրազդան» տոնավաճառում աշխատելու համար 150 հազարի փոխարեն 86 հազար դրամ են վճարում:
































