Անհրաժեշտ է կարճ ժամկետներում մասշտաբային խորհրդարանական քննարկումներ հրավիրել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հացրով։ Այս մասին մայիսի 18-ին՝ 4 խորհրդարանական ուժերի խորհրդակցության ավարտին, լրագրողներին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։ Խորհրդակցությանը մասնակցել են ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները։ Հրավիրված է եղել նաեւ «Օրինաց երկիր» խմբակցությունը։
Անհրաժեշտ է հրավիրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եւ Էներգետիկայի նախարարության ներկայացուցիչներին եւ իհարկե «Հայաստանի էլեկտրացանցեր» եւ բոլոր գեներացնող ընկերությունների ներկայացուցիչներին, որոնք սակագների բարձրացման հայց են ներկայացրել։ «Մենք ցանկանում ենք հասկանալ, թե ինչու պետք է սպառողը վճարի այդ պարտքերի դիմաց»,- հայտարարեց Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ այս պահին ՀԷԿ սակագինը բնակչության համար կազմում է 41.85 դրամ մեկ կՎտ/ժ-ի դիմաց ղերեկը եւ 31.85 դրամ՝ գիշերը։ ՀԷՑ-ը պահանջում է բարձրացնել համապատասխանաբար 58 եւ 48 դրամ։



























