Եթե «Հայաստանի էլեկտրացանցերը» պնդում է, որ հանրապետության բաշխիչ ցանցը վնասով է աշխատում, ապա անհասկանալի է, թե ինչու են նրանք ամեն դեպքում ուզում կառավարել այդ ցանցը։ Այս մասին մայիսի 18-ին՝ 4 խորհրդարանական ուժերի խորհրդակցության ավարտին, խորհրդարանում լրագրողներին հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։  Խորհրդակցությանը մասնակցել են ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները։ Հրավիրված է եղել նաեւ «Օրինաց երկիր» խմբակցությունը։

«Եթե ընկերության վնասի պատճառը վատ մենեջմենթն է, ապա անհասկանալի է, թե ինչու այն չեն փոխում կամ չեն  հրաժարվում ոչ արդյունավետ բիզնեսից։ Տնտեսական տրամաբանությունից ելնելով՝ տարիներ շարունակ վնասից բացի ուրիշ բան չտվող ընկերությունից կառչելը խելքին մոտ չէ։ Ամեն դեպքում, սպառողը պարտավոր չէ վճարել»,- ընդգծեց Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ այս պահին ՀԷԿ սակագինը բնակչության համար կազմում է 41.85 դրամ մեկ կՎտ/ժ-ի դիմաց ղերեկը եւ 31.85 դրամ՝ գիշերը։ ՀԷՑ-ը պահանջում է բարձրացնել համապատասխանաբար 58 եւ 48 դրամ։