Երևանը բեռնաթափելու և ուսանողությունը մեկ վայրում չկենտրոնացնելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարությունը նախագիծ է ներկայացրել` մայրաքաղաքի բուհերը Գյումրի տեղափոխելու, իսկ բուհերի շենքերը՝ հյուրանոցների վերածելու վերաբերյալ: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախագծի հեղինակ,  ՀՀ վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը՝ հավելելով, որ դա կնպաստի նաև Գյումրի քաղաքի զարգացմանը:

Նրա խոսքով` հաշվարկները ցույց են տալիս, որ տրանսպորտի ավելի քան 30 տոկոս ուղևորները կազմում են ուսանողները, իսկ նրանց կենտրոնացնելով հանրապետության այլ քաղաքում՝ հնարավոր կլինի բեռնաթափել մայրաքաղաքը:

«Նախկին 11 պետական բուհերի փոխարեն այսօր Երևանում գործում է շուրջ 60 պետական և ոչ պետական բուհ, ուսանողների թիվը հասնում է 100 հազարի, իսկ դասախոսական կազմը՝ 10 հազարի: Երևանը գերբնակեցված է մարդկանցով, իսկ Գյումրին` թերբնակեցված, այդ պատճառով էլ հարկավոր է նոր, երիտասարդ սերնդի միջոցով նոր շունչ տալ քաղաքին: Երևանի շենքերը կվաճառվեն և  դրանց գումարով հնարավոր կլինի Գյումրիում բուհերի համար կառուցել ժամանակակից շենքեր և հանրակացարաններ»,-ասաց Մուշեղյանը:

Ճարտարապետը տեղեկացրեց, որ Երևանը տարաբնակեցնելու ծրագիրը քննարկվել է մի շարք պատգամավորների, Գյումրիի քաղաքապետի ու մարզպետի ներկայությամբ, որոնք մեծ ոգևորությամբ են ընդունել այս գաղափարը, և հարցն ուսումնասիրելու համար Կառավարությունը պետք է հատուկ հանձնաժողով ստեղծի:

Մուշեղյանը նշեց, որ այդ դեպքում կլուծվի նաև Երևան-Գյումրի արագընթաց տրանսպորտի հարցը, որով ուսանողներն ու դասախոսները կկարողանան գնալ Գյումրիում տեղակայված բուհեր:

Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դասախոս, պրոֆեսոր Արթուր Մարտիրոսյանը նշեց, որ բուհերը Երևանից հեռացնելու գաղափարը ճիշտ չէ, դրա փոխարեն  պետք է  զարգացնել  մարզերում ու քաղաքներում արդեն իսկ գործող համալսարանները:

«Ոչ մի ուսանող Երևանից կամ Մեղրիից չի մեկնի ուսանելու, ասենք, Վայոց ձոր կամ այլ քաղաք: Գեղարվեստի ակադեմիայի ուսանողն անհրաժեշտություն ունի շաբաթը մեկ անգամ այցելել այս կամ այն պատկերասրահ, ուրեմն պետք է պատկերասրահնե՞րն էլ Երևանից այլ քաղաքներ տեղափոխել»,-ասաց Մարտիրոսյանը: