Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղում մայիսի 15-ին տեղացած կարկուտից վնասվել է պտղատու այգիների ավելի քան 80%-ը: Այս մասին NEWS.am-ին ասաց Ռինդի գյուղապետ Հուսիկ Սահակյանը:
«Հանձնաժողովն ուսումնասիրել է կարկուտի վնասներն ու նախնական տվյալներն են. խաղողի այգիներ՝ 62.8 հա, պտղատու այգիներ՝ 55.7 հա, կամ ընդհանուր ցանքատարածությունների 80%-ը: Բանջարաբոստանային կուլտուրաների եւ հացահատիկային ցանքատարածություններից էլ վնասվել է 30%-ը»,- ասաց գյուղապետը:
Նա նշեց, որ այս պահին հայտնի չէ՝ գյուղացիներին փոխհատուցում լինելու է, թե ոչ: Նշենք, որ մարզպետարանից եւ ՏԿԱԻՆ-ի համապատասխան մասնագետներն արդեն այցելել են համայնք եւ տեղում ծանոթացել խնդրին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 15-ին ժամը 16:00-ից մինչեւ 16:30-ը ուժեղ կարկուտ է տեղացել Վայոց ձորի Ռինդ համայնքում: Կարկուտից վնասվել են ցանքատարածություններ, բանջարաբոստանային կուլտուրաներ և պտղատու այգիներ:





























