«Նաիրիտ» գործարանի գույքը դե ֆակտո հանվել է գրավադրումից եւ մի քանի օրից բաժնեմասը կառավարությանը կհանձնվի: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց գործարանի նախկին քարտուղար Անուշ Հարությունյանը՝ նշելով, որ այդ մասին իրենց տեղեկացրել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

«Նախարարը մեզ հետ հանդիպումների ժամանակ միշտ ասել է,որ գույքը գրավադրումից հանելուց հետո կարճ ժամանակահատվածում՝ ամենաշատը 2 ամսվա ընթացքում, աշխատավարձերի հարցը կլուծվի: Հիմա էլ ասում են՝ մինչեւ տարվա վերջ: Մենք պահանջում ենք, որ մեր աշխատավարձերի հարցը 2 ամսվա ընթացքում լուծեն»,-ասաց Անուշ Հարությունյանը:

Նշենք, որ նաիրիտցիները Նախագականից շարժվեցին ԱԺ շենքի մոտ, որտեղ շուտով հայտարարությունների ժամն է: Նրանք նշեցին, որ նստացույցի ժամանակ իրենց մոտեցած պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը եւ Հովհաննես Մարգարյանը խոստացել են իրենց հարցը բարձրացնել  հայտարարությունների ժամին:

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24  ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում: