Թե ով է մեղավոր Գորիսում վերջերս տեղի ունեցած ծեծկռտուքի համար,կպարզեն իրավապահ մարմինները, եւ ոչ ոք թող իրեն նրանց տեղը չդնի։ Այս մասին մայիսի 19-ին լրագրողներին հայտնել է ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով Սյունիքի մարզպետի որդու՝ Տիգրան խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած կռիվը։
«Եթե Սուրեն Խաչատրյանի որդին մեղավոր է, ուրեմն կպատժվի Սուրեն Խաչատրյանի որդին։ Եթե ուրիշ մեկն է մեղավոր, կպատժվի նա»,- վստահեցրեց խոսնակը։ Հարցին, թե խոսե՞լ է նա Սուրեն Խաչատրյանի հետ, Սահակյանը պատասխանեց, որ վերջերս հեռախոսազրույց է ունեցել նրա հետ։ «Նա հակառակն է պնդում։ Հայտարարում է, որ իր եւ իր ընտանիքի դեմ մեղադրանքները հերյուրանք են»,- ասաց ԱԺ խոսնակը։ Իսկ հարցին, թե ում է նա հավատում՝ Հայաստանի հանրությանը, թե Սուրեն Խաչատրյանին, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես ո՛չ նրան եմ հավատում, ո՛չ ձեզ։ Հավատում եմ իրավապահ մարմիններին եւ համապատասխան փորձաքննություններին, որոնց արդյունքները կհրապարակվեն։ Իսկ ամբողջ հասարակության անունից թող ոչ ոք չխոսի։ Երբ գլխավոր դատախազ կլինեք, մեղադրանքների թղթապանակ կհավաքեք, այն ժամանակ էլ կպահանջեք, որ ձեզ հավատան»։




























