Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը չի դատապարտում հանրապետական պատգամավոր Սեյրան Սարոյանի երեկվա պահվածքը, երբ վերջինս գոռգոռալով վիճում էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ։ Սարոյանին դուր չէր եկել, որ Փոստանջյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին թմրամոլ էր անվանել եւ պահանջել էր պատժել նրան։

«Մարդիկ կարծում են, թե բացարձակ ճշմարտություն են ասում։ Իհարկե, այստեղ լինում է, որ կրքեր են եռում։ Բնականաբար, լավ կլիներ, որ ամեն ինչ իդեալական լիներ, բայց լինում են անկանխատեսելի վեճեր»,- ասել է Սահակյանը։