Հակոբյանների առաջարկը ներկայացրել ենք Վարդան Պետրոսյանին, որի վերաբերյալ անպայման կպատասխանենք, բայց դա իրավական գործընթաց է, որը ժամանակ է պահանջում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ առաջին իսկ օրերից, երբ Վարդան Պետրոսյանը իմացել է դժբախտ պատահարի մասին, առաջարկել է օգնել երկու ընտանիքներին էլ, դրա մասին են վկայում դատարաննում ներկայացված բազմաթիվ ապացույցները, այդ թվում նաև Վարդան Պետրոսյանի ցուցմունքները և հայտարարությունները: «Ընդ որում դատական նիստերին մասնակցել է և՛ պարոն Բալոյանը, և՛ լրագրողները, և՛ շատ-շատ մարդիկ: Բոլոր դեպքերում, այն որ Վարդան Պետրոսյանն առաջարկել է իր օգնությունը հօգալու Տաթևիկ Հակոբյանի բուժման հետ կապված ծախսերը առկա են դատական նիստի ձայնագրություններ, ինչպես նաև տեսագրություններ: Դա հաստատվել անգամ առաջին ատյանի դատարանը և վերահաստատեց նաև վերաքննիչ դատարանը, որտեղ Բալոյանը ևս պնդում էր, որ նման բան չի եղել: Իսկ թե ինչու է փաստաբան Ռուբեն Բալայանը մոռացել այդ մասին, չեմ կարող որևէ կերպ մեկնաբանել, իմ կարծիքով դա կարևորել չէ»,-ասաց նա:

Փաստաբանի փոխանցմամբ՝ դատարան ներկայացված հայցի համաձայն իրենք ցանկություն են հայտնել բուժումը անցկացնելո կոնկրետ հիվանդանոցում, որտեղ Վարդան Պետրոսյանը գրավոր առաջարկություն էր ներկայացրել և պայմանագիր, որ Տաթևիկ Հակոբյանի բուժման հետ կապված ծախսերը ինքը կհօգա, որքան էլ այն կկազմի, մինչդեռ ըստ Բալոյանի այս պահին իրենք ուզում են Տաթևիկ Հակոբյանի բուժումը անցկացնել արդեն այլ վայրում, որի վերաբերյալ առաջարկություն են ներկայացրել Վարդան Պետրոսյանին:

Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարան Հակոբյանների կողմից բողոք ներկայացնելուն, Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ Վարդան Պետրոսյանը արդեն իր դիրքորոշումը հայտնել է, ուզում են թող ներկայացնեն, դա իրենց իրավունքն է:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին, ժամը 21:20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար են բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել են:

Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով: Վարդան Պետրոսյանը ձերբակալվել էր: Դատաքննությունը սկսվեց 2014 թվականի մարտի 12-ին: Հայաստանի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 29-ին մեղավոր ճանաչեց Վարդան Պետրոսյանին՝ նրան դատապարտելով 5 տարի ժամկետով ազատազրկման:

Դատախազը եւ տուժող կողմը բողոքարկել են առաջին ատյանի որոշումը, սակայն Վերաքննիչը անփոփոխ էր թողել վճիռը: