Բելառուսի խորհրդարանի Վերին պալատը չորեքշաբթի հավանության է արժանացրել Համաներման մասին օրինագիծը՝ կապված Հաղթանակի 70-ամյակի հետ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Մեկ շաբաթ առաջ էլ օրինագիծն ընդունել էր խորհրդարանի Ստորին պալատը: Հիմա փաստաթուղթը պետք է ստորագրի նախագահը, ինչից հետո ուժի մեջ կմտնի:

Նախնական հաշվարկներով, համաներման ընթացքում ենթադրվում է ազատ արձակել 8.600 դատապարտյալի: Մասնավորապես, կարող են ազատ արձակվել կեղծ ձեռներեցության մեղադրանքով ազատազրկվածները, եթե առնվազն 3 տարի պատիժ են կրել:

Միաժամանակ, այս համաներումը չի կարող տարածվել այն անձանց վրա, որոնք դատապարտվել են թմրանյութերի եւ հոգեմետ միջոցների ապօրինի շրջանառության, պետական սահմանն անցկացնելու, ինչպես նաեւ դրանց գործածության հակում ունենալու համար, ինչպես նաեւ նրանց, որոնք ազատազրկվել են 16 տարեկանից փոքր անձանց հետ սեռական բնույթի գործողությունների եւ սեռական ակտ ունենալու համար: