Աղբի վերամշակումը մարզերում դեռեւս չի հրապուրում մասնավոր ձեռներեցներին։ Այս մասին մայիսի 20-ին ԱԺ-ում հայտարարեց Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ ներկայացնելով Կոտայքի մարզի եւ Սեւան քաղաքում աղբանոցների կատարելագործման համար Զարգացման եւ վերակառուցման եվրոպական բանկի վարկի եւ դրամաշնորհի համաձայնության նախագիծը։ 

Ծրագիրը նախատեսում է համայնքային իշխանություններին նոր աղբահանող տեխնիկա տրամադրել եւ նոր աղբանոցներ կառուցել։ Այսուհանդերձ Տերտերյանի խոսքով՝ այստեղ ներառել նաեւ աղբի տեսակավորումն ու վերամշակումը հնարավոր չի թվում։  «Եթե մենք ծրագրում ավելացնենք նաեւ այդ բաղադրիչը, անհրաժեշտ կլինեն նոր վարկեր, բայց դրանք ծախսերը չեն ծածկի։ Որքան էլ որ մենք խոսենք այն մասին, որ ռեսուրսների կրկնակի օգտագործումը հեռանկարային է, բիզնեսը դրանով չի հետաքրքրվում։ Երեւանում՝ այո, բայց մարզերում ՝ ոչ։ Այնտեղ միայն այստեղ-այնտեղ աղբ հավաքելու փորձեր են, սակայն դրանք մեկ ընդհանուր նախագծի մեջ չեն տեղավորվում»,- պարզաբանեց Տերտերյանը։