Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցությունը պետք չէ իբրեւ հակառուսական որակել։ Այս մասին մայիսի 22-ին Երեւանում լրագրողներին հայտարարեց Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն։

ՆԱՏՕ-ն համագործակցում է ինքնիշխան պետությունների հետ անվտանգության առաջնայնությունների հարցում նրանց որոշման հիման վրա։ Այդ գործընկերությունը չպետք է դիտարկել Ռուսաստանի շահերի տեսակետից։

«Հայաստանն ինքն է որոշում, թե ում հետ համագործակցի անվտանգության ոլորտում։ ՆԱՏՕ-ն պայման չի դնում «կա՛մ այնտեղ, կա՛մ այստեղ»,- հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ անվտանգության եւ պաշտպանության բաժնի պետ Յասպեր Վիկը։

Դրա ապացույցը ՆԱՏՕ-ի գործընկերությունն է Հայաստանի հետ, որը ՀԱՊԿ անդամ է։ Ավելին՝ 20 տարուց ավել Ռուսաստանն ինքն էլ ՆԱՏՕ-ի գործընկերն է եղել, հավելեց Վիկը։