Կապանում մայիսի 30-ին տեղի ունեցած բենզալցակայանի պայթյունի հետեւանքով Երեւան տեղափոխված երիտասարդը՝  35-ամյա Սասուն Հ.-ն, մահացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Այրավածքաբանության կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը:

Նա նշեց, որ երիտասարդի մոտ այրվածքները կազմում էին մոտ 97 տոկոս, վիճակը ծայրահեղ ծանր էր, վնասվածքները անհամատեղելի էին կյանքի հետ:

Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, որ Կապանում մայիսի 30-ին՝ շաբաթ օրը, բենզալցակայան է պայթել: Պայթյունի հետեւանքով լցակայանի աշխատակիցը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Երեւան, գտնվում է Այրվածքաբանության կենտրոնում՝ վերակենդանացման բաժանմունքում:

Հիշեցնենք, որ սա վերջին 1 ամսվա ընթացքում արդեն 5-րդ դեպքն է, օրեր առաջ Չարենցավանում էր գազալցակայան պայթել, աշխատակիցը մահացել էր, այն պատկանում է հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանին: Դրանից առաջ Էջմիածնում՝ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի գազալցակայանում է պայթյուն եղել, Հակոբյանի եղբայրը երեկ մահացել է: Դրանից առաջ էլ եւս 2 դեպք էր եղել, արդյունքում դարձյալ զոհ, վիրավորներ: