Հայաստանի ոստիկանությունը ոչ մի ուժ չի գործադրելու Բաղրամյան պողոտայում ցուցարարների նկատմամբ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանը։

Նա ցուցարարներին կոչ արեց հանգիստ լինել, նշելով, որ ոչ մի բան էլ չի լինելու։

Ավելի վաղ նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էր հայտնել, որ ոստիկանությունը մտադիր չէ ցրել նստացույցը։

Այս պահին բողոքի ակցիան Բաղրամյան պողոտայում շարունակվում է:

Նշենք, որ հունիսի 23-ին վաղ առավոտյան ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած ուժից հետո մարդիկ կրկին հավաքվել եւ ավելի մեծ քանակությամբ շարունակում են նստացույցը Բաղրամյան պողոտայում:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: Քաղաքացիները հունիսի 22-ին երեկոյան 19:00-ից նստացույց են սկսել Բաղրամյան պողոտայում՝ պահանջելով անհապաղ կասեցնել էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հունիսի 17-ին Հանրային ծառայություննները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշումը: