Չկատարած հանցագործությունը սպառնալիքների ներքո խոստովանած եւ այժմ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Գոռ Խանեսյանն առաջիկայում պատրաստվում է հացադուլ հայտարարել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց նրա հայրը՝ ազատամարտիկ Սուրիկ Խանեսյանը:
Նա նշեց, որ իր որդու ընկերը՝ Հակոբը, խնդրել էր որդուն տանել բանկ ու գումար փոխանակել: Որդին տարել էր Արարատի «Ակբա կրեդիտ ագրիկոլ» բանկ, սակայն պարզվել էր, որ թղթադրամները կեղծ են: «Տանում են ոստիկանություն, որդուս ծեծում, ճնշումներ գործադրում, սպառնում, թե հորդ, ընտանիքիդ կվնասենք, եթե մեր ուզած ձեւով չգրես, տունդ էլ ծախես, տակից դուրս չես գա, նա էլ գրում է էն, ինչ ասում են: Ասում են՝ ոնց ուզում ենք, էդպես էլ պիտի գրես, մեր վրա փակված գործ չի մնալու: Նույնը նաեւ Գոռի ընկերոջը՝ Հակոբին են անում, հետագայում իրենք հրաժարվում են իրենց ցուցմունքներից եւ պատմում, թե ինչ է եղել»,-պատմեց հայրը:
Գոռի փաստաբանը՝ Վահան Հովհաննիսյանն էլ NEWS.am-ին հայտնեց, որ այդ թղթադրամները ուղարկել էին Հակոբին՝ Հունաստանից, այնտեղ աշխատել էր, եւ դա ուղարկել էին որպես աշխատավարձ: Բայց քանի որ Հակոբը պարտքեր ուներ Արարատում, չէր ցանկանում անձամբ տաներ գումարը փոխանակեր, որպեսզի պարտատերերը չիմանային, որ մոտը փող կա, չգային պարտքերի հետեւից: «Գոռը այդ բանկի մշտական հաճախորդներից է, եւ լավ գիտեր, որ այդտեղ թղթադրամները ստուգվում են, ի՞նչ եք կարծում, այդ ամենը իմանալով, ինքը կեղծ թղթադրամներ կտանե՞ր այդ բանկ»,-ասաց փաստաբանը:
Նշենք, որ քաղաքացի Հակոբ Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ կեղծ փողեր իրացնելու կասկածանքով 2015 թվականի ապրիլի 29-ին ՀՀ ոստիկանության Վեդիի բաժին բերման ենթարկվելուց հետո, հիշյալ բաժնի աշխատակիցները հոգեբանական ճնշում են գործադրել իր նկատմամբ, սպառնացել են վնասել ընտանիքի անդամներին՝ պահանջելով խոստովանել իր կողմից առանձնապես խոշոր չափերի կեղծ փողեր իրացնելու հանգամանքը, որից վախենալով տվել է իրականությանը չհամապատասխանող խոստովանական ցուցմունքներ՝ իրականում իր կողմից չկատարած հանցագործության վերաբերյալ:
ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:



























