ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը բանաձեւ է ընդունել, որով դատապարտում է Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները եւ դրանք որակում է որպես ռազմական ագրեսիայի ակտ՝ կոչ անելով ՌԴ-ին հրաժարվել Դոնբասում զինված ուժեր կիրառելուց եւ Դոնեցկի եւ Լուգանսկի չճանաչված հանրապետություններին զենք մատակարարելուց։

Կանադա-ուկրաինական բանաձեւը ԵԱՀԿ ԽՎ-ում ընդունվել է 96 կողմ եւ 7 դեմ ձայնով։ Ինչպես հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական  կայքը, եւս 32 մասնակից ձեռնպահ է մնացել, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

Փաստաթուղթը նշում է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն դատապարտում է ՌԴ ոտնձգությունները Ուկրաինայի տարածքային ամբողջականության  նկատմամբ, դատապարտում է ԵԱՀԿ անդամների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտության  մասին Հելսինկյան սկզբունքները չպահպանելը։

Բանաձեւը Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում եւ Սեւաստոպոլում, ինչպես նաեւ Դոնեցկի եւ Լուգանսկի շրջաններում ՌԴ գործողությունները Ուկրաինայի նկատմամբ ռազմական ագրեսիայի դրսեւորում է որակում։

Բացի այդ, ԵԱՀԿ-ն ՌԴ-ին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում իրավիճակն ապակայունացնող իր արշավը։