Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանը մշտապես բոլոր հարցերում եւ բոլոր ոլորտներում իր խոսքի տերն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա խոսնակը՝ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով Արտակ Խաչատրյանի ծեծի գործով արժեքավոր տեղեկատվություն տվողին 100 հազար դոլար տալու խոստմանը:

Նա նշեց, որ Արտակ Խաչատրյանի ծեծի գործով, երբ լինի կոնկրետ զարգացում ու բացահայատումներ, որոնք կօգնեն ոստիկանությանը խնդրին լուծում տալ, ապա համապատասխանաբար գումարային փոխհատուցման մասին եւս կլինի հայտարարություն: «Այժմ այս փուլում դրան անդրադառնալու անհրաժեշտություն չկա»,-ասաց Ծառուկյանի խոսնակը:

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ի առավոտյան տեղեկություն էր տարածվել, որ Արտակ Խաչատրյանին դիմակավորված եւ զինված անհայտ անձիք առեւանգել են: Նույն օրը երեկոյան Արտակը տուն էր հասել ծեծված վիճակում, այնուհետեւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա մոտ ախտորոշել էին թոքերի սալջարդ, թոքերի դրենաժավորում արել, վիրահատել քիթը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, Արտակ Խաչատրյանը ճանաչվել է տուժող։ Քննչական կոմիտեն պարզել է, թե ինչ մեքենայով են առեւանգել Արտակ Խաչատրյանին։ Ծառուկյանը այս դեպքի հետկապված հանդիպել էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, ԲՀԿ նախկին առաջնորդը 100 հազար դոլար էր խոստացել նրան, ով քննության համար էական տվյալ կհայտնի: