Վերջին օրերին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարը քաղաքական պայքար չէ:Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողներին ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանը:
«Այս շարժումը չունի քաղաքական նպատակ, եւ իրենք շատ ազնիվ են, որ ասում են, թե մենք քաղաքական չենք: Թե արմատներում որքանով է քաղաքական, դա այլ հարց է»,-ասաց Լարիսա Ալավերդյանը, նշելով, որ ճիշտ է այն կարծիքը, որ ցանկացած շարժման խորքում քաղաքական շարժում կա: Տիկին Ալավերդյանի խոսքով՝ սխալ է, որ իշխանությունները փոխանակ իրենք հանդիպեն ցուցարարների հետ, ոստիկաններին են ուղարկում, քանի ոստիկանությունը չէ, որ երկրում սոցիալական եւ տնտեսական հարցեր է լուծում:
«Այն, որ կառավարությունը բերում եւ ցուցարարների առաջ ոստիկաններ է կանգնեցնում, դա խոսում է տվյալ կառավարության անօգնականության մասին: Ուժային մեթոդներն այստեղ արդյունավետ չեն: Ապաշնորհ, անօգնական կառավարում ունենք, որտեղ ծագում են նմանատիպ խնդիրները: Եթե խնդիրների լուծումը շենքային պայմանների ներսում լուծում չի գտնում, ապա այբուբենի նման մի բան է, որ հասարակությունը պետք է իր պայքարը դրսում գտնի»,-ասաց նա:
Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ մեր հասարակությունը բավական բարձր մակարդակով է պայքարում իր խնդիրների համար, իսկ իշխանությունը չի փոխում իր ոճը, այնինչ հասարակության զարգացումը եւ դրսեւորումները մի քայլ բարձր են իշխանություններից:





























