Երեկ վրացական Վազիանի ռազմակայանում մեկնարկած ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում են նաեւ հայ զինծառայողները, ճիշտ է՝ միայն դիտորդի կարգավիճակով: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, այս մասին երեկ Վազիանիում լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտնեց Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Վախթանգ Կապանաձեն:

«ՆԱՏՕ-ի հովանու ներքո ընթացող այս զորավարժություններին նախեւառաջ մասնակցում են Վրաստանի եւ Միացյալ Նահանգների զինծառայողները: Բացի այդ, նրանց են միացել Ռումինիայի, Բուլղարիայի, Լատվիայի եւ Լիտվայի զինված ուժերի ներկայացուցիչները: Զորավարժությունների ընթացքում դիտորդի կարգավիճակ են ստացել Մոլդովան եւ Հայաստանը», - հայտարարում էր Կապանաձեն:

Նշենք, սակայն, որ զորավարժությունների մասնակիցների հիմնական մասը երկու պետություն են ներկայացնում՝ Վրաստանը եւ Միացյալ Նահանգները: Վրացական կողմը զորավարժություններում ներկայացված է մեկ մոտոհրաձգային գումարտակով, իսկ ամերիկացիները` 220 ծովային հետեւակայիններով:

Վախթանգ Կապանաձեն հիշեցնում է, որ վրաց - ամերիկյան համատեղ զորավարժությունները կազմակերպվում են ամեն տարի` 2011 թվականից ի վեր: