Բաշկիրիայի մայրաքաղաք Ուֆայում հուլիսի 9-ի երեկոյան աշխատանքն ավարտեց ԲՐԻԿՍ-ի անդամ պետությունների 7-րդ գագաթաժողովը:

Կազմակերպության անդամ պետությունների՝ Ռուսաստանի, Բրազիլիայի, Հնդկաստանի, Չինաստանի եւ Հարավաֆրիկյան հանրապետության ղեկավարների հաջորդ հանդիպումը կկայանա 2016 թվականին, Հնդկաստանում:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Ուֆայում ԲՐԻԿՍ-ի անդամ պետությունների ղեկավարները հանդիպման արդյունքներով ամփոփիչ հռչակագիր են ստորագրել: Պետությունների ղեկավարները հայտարարել են ՄԱԿ-ի եւ ԱՄՀ-ի բարեփոխումները արագացնելու անհրաժեշտության մասին, Ուկրաինայի հակամարտության մասնակիցներին կոչ են արել հետեւել Մինսկի համաձայնություններին, միջազգային իրավունքի ոլորտում «երկակի ստանդարտների» կիրառման դեմ են հանդես եկել եւ դատապարտել միակողմակի ռազմական միջամտություններն ու տնտեսական պատժամիջոցները:

Ռուսաստանի, Բրազիլիայի, Հնդկաստանի, Չինաստանի եւ ՀԱՀ-ի ղեկավարները նաեւ Գործողությունների ծրագիր են ընդունել, որը հստակեցնում է ԲՐԻԿՍ-ի աշխատանքն առաջիկա տարվա ընթացքում եւ փոխգործակցության նոր հեռանկարային ուղղություններ է ներառում:

Եվս մեկ ամփոփիչ փաստաթուղթ է դարձել Ռուսաստանի նախաձեռնությամբ ընդունված՝ մինչեւ 2020 թվականը ԲՐԻԿՍ-ի երկրների տնտեսական համագործակցության ռազմավարության մասին համաձայնագիրը: