ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ ազգությամբ հայ Աննա Էշուն եւ Ջեքի Սփեյերը կոչ են արել Հայոց ցեղասպանության նկատմամբ ճմարտության եւ արդարության մասին բանաձեւի նախագիծը քվեարկության դնել նախքան օգոստոսյան արձակուրդը:
Նրանք ցեղասպանությունների կանխմանն ուղղված երկկուսակցական նախագիծը սկզբունքային եւ պրակտիկ մոտեցում են համարում, որը կարող է հանգեցնել Թուրքիայի եւ հայաստանի հարաբերությունների բարելավման: Այս մասին NEWS.am-ին հայտնել են Հայ դատի Ամերիկայի հանձնաժմբից:
Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին եւ այդ հանձնաժողովի ամենատարեց անդամին ուղղված նամակում կոնգրեսականները նշել են, որ ԱՄՆ պատվիրակության կազմում վերջերս այցելել են Հայաստան՝ մասնակցելու Ապրիլի 24-ի միջոցառումներին:
Հիշեցնենք, որ Վաշինգթոնում մարտի 18-ին ներկայացվել է հայոց ցեղասպանության վերաբերյալ արդարության եւ ճշմարտության մասին նախագիծը: Այն ներկայացրել են կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ռոբերտ Դոլդը, Դեւիդ Վալադաոն, Ֆրենկ Փալոունը: Նախագիծն այս պահին արդեն պաշտպանում են Ներկայացուցիչների պալատի ավելի քան 60 անդամներ:



























