Սյունիքի մարզպետի մահափորձի գործով միջնորդել են առերեսումներ անել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մեղադրյալ Գարեն Աթաջանյանի փաստաբանը՝ Վահան Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ կոնկրետ անուններ չեն նշել, պարզապես ցանկանում են առերեսում լինի այն անձանց հետ, որոնք իր պաշտպանյալի դեմ ցուցմունք են տվել:
Փաստաբանն ասաց նաեւ, որ ԱԱԾ-ն չի պատասխանել իրենց դիմումին՝ Աթաջանյանների ընտանիքի անդամների անվտանգությունը ապահովելու խնդրով: Նրանք դիմել են Սյունիքի մարզի ոստիկանապետին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն Գարեն Աթաջանյանի հարազատների անվտանգությունը ապահովելու համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, հուլիսի 3-ին, ձերբակալվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Ռոմիկի Աթաջանյանը, Հենրիկ Շահենի Ավագյանը եւ Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը եւ Արա Էմիլի Բուդաղյանը:





























