ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երեւանի կենտրոնում 32-ամյա տղամարդու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու եւ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2015թ. հուլիսի 09-ին՝ ժամը 12.00-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձինք, Երեւան քաղաքի Պուշկին-Սարյան փողոցների հատման մասի մոտակայքում առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ծեծի են ենթարկել Երեւանի 32-ամյա բնակչին ու հափշտակելով վերջինիս ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է առանձնապես խոշոր չափի` 38.000 ԱՄՆ դոլար, «Մակբուք» տեսակի համակարգիչ, «Այֆոն 4» տեսակի բջջային հեռախոս, դիմել փախուստի:
Դեպքի առթիվ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
Քննությամբ պարզվել է, որ տուժողը 2015թ. սկզբներից զբաղվել է «Վիվառո» բուքմեյքերական գրասենյակում խաղադրույքներ կատարելով: 2015թ. հուլիսի 3-ին Հարավային Ամերիկայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղին` «ոչ- ոքի» արդյունքի վրա կատարել է 10.000 ԱՄՆ դոլարի չափով խաղադրույք եւ շահել է 18.048.000 ՀՀ դրամ:
2015թ. հուլիսի 09-ին Մաշտոցի պողոտայից վարձակալած տաքսի ավտոմեքենայով գնացել է «Վիվառո» ընկերության կենտրոնական գրասենյակ եւ ստացել շահումը, ապա նույն տաքսի ավտոմեքենայով վերադարձել Պուշկինի փողոցում գործող տարադրամի փոխանակման կետերից մեկը եւ դրամը փոխանակել դոլարի։ Ոտքով տուն վերադառնալու ճանապարհին՝ մինչ Սարյան փողոց հասնելը, թիկունքից մեկը բռունցքով ուժգին հարվածել է 32-ամյա տղամարդու աջ քունքային շրջանին, ինչի հետեւանքով վերջինս դեմքով ընկել է գետին, ապա մի քանի հոգի աջ եւ ձախ կողմերից ոտքերով հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:
Վերցնելով տուժողի ուսից կախված համակարգչի պայուսակը՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձինք փողոցում կանգնած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի:
Նախաքննությամբ օպերատիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ավտոմեքենան եւ հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է երեք անձ։
Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել է արեւային ակնոց, կրակայրիչ, ավտոմեքենայի զննությամբ առջեւի ձախ դռան վրայից հայտնաբերվել է արնանման հետք, իսկ սրահից` երկու դիմակ, մետաղյա ձող:
Նախաքննության ընթացքում առգրավվել են տուժողի եւ երեք կասկածյալների հագուստները, նշանակվել են դատակենսաբանական, մատնադրոշմային, միկրոմասնիկային փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ կատարված ավազակային հարձակման բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։





























