Հուլիսի 11-ին տեղի է ունեցել ԼՂՀ ՊԲ ռազմական խորհրդի հերթական նիստը` նվիրված 2015թ. բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմանը: Ռազմական խորհրդի նիստին մասնակցում էին ՊԲ հրամկազմը, ծառայությունների  ու բաժինների պետերը, միավորումների, զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները, ինչպես նաեւ զինվորական իրավապահ մարմինների ղեկավարները: Ռազմական խորհրդի նիստը վարում էր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը: Բանակի հրամանատարի ներածական խոսքին հաջորդեցին ՊԲ հրամանատարի տեղակալների, բանակի շտաբի բաժինների եւ ծառայությունների պետերի ելույթներն ու զեկույցները, որոնցից յուրաքանչյուրն անդրադարձավ իր ոլորտի ձեռքբերումներին ու թերացումներին եւ խոսեց դրանց կատարելագործման համար անհրաժեշտ ապագա անելիքների մասին:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Ռազմական խորհրդի նիստն ավարտվեց Լեւոն Մնացականյանի ամփոփիչ խոսքով, ով ըստ ուղղությունների մեկ անգամ եւս անդրադարձավ հաշվետու կիսամյակում կատարված աշխատանքներին եւ համապատասխան հանձնարարականներ ու ցուցումներ տվեց երկրորդ կիսամյակի աշխատանքները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: