Հակառակորդի գնդակից վիրավորված քաղաքացիների միայն առաջին բուժօգնությունն է անվճար: Այս մասին մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով վիրավորված 85-ամյա ծերունու դեպքին, որին հրաժարվել էին անվճար բուժօգնություն ցուցաբերել: 

«Քաղաքացիների վիրավորման դեպքում ցանկացած առողջապահական հիմնարկ առաջին բուժօգնությունը պարտավոր է իրականացնել անվճար, այդ թվում Զինված ուժերի հոսպիտալները: Այնուհետեւ քաղաքացիները, որոնք զինվորականներ չեն, պետք է օգտվեն ընդհանուր հիմունքներով բուժման համակարգից»,- ասաց Մովսես Հակոբյանը:

Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարությունը անվճար բուժսպասարկում է իրականացնում միայն զինվորական ծառայության մեջ գտնվող անձնակազմին:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Մովսես գյուղում փետրվարի 4-ին ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից վիրավորված 85-ամյա Լեւոն Անդրեասյանը հունիսի սկզբին տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները հրաժարվել էին նրան բժշկական անվճար բուժօգնություն տրամադրել՝ պահանջելով 220 հազար դրամ։ Առողջապահության նախարարությունից էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանել էին, որ Կառավարության 2014 թ. որոշման համաձայն՝ պետպատվերի շրջանակում անվճար բուժում տրամադրվում է սոցիալապես անապահով ընտանիքներին և առանձին խմբերում ընդգրկված քաղաքացիներին: Այդ խմբերում, սակայն, ներգրավված չեն հակառակորդի գնդակից վիրավորված քաղաքացիները: