NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում Վաշինգտոնի Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի եվրոպական ծրագրի ավագ գիտաշխատող Կոռնելիուս Ադեբարի՝ Հիմնադրամի եվրոպական կենտրոնի կայքում հրապարակված հոդվածը:

22 տարի անց այն բանից հետո, երբ Ֆրանսիան, Գերմանիան եւ Միացյալ Թագավորությունը բանակցություններ սկսեցին Իրանի հետ Թեհրանի միջուկային գործունեության սահմանափակման շուրջ, հուլիսի 14-ին Վիեննայում ձեռք բերված համաձայնությունը բալասան էր Եվրոպայի համար, որը ներկայում տառապում է հունական ճգնաժամի հետեւանքով:

Պայմանները, որոնք առաջադրվեցին Իրանին՝ միջազգային պատժամիջոցները վերացնելու դիմաց, «բավական լավ» գործարք են, որը պահանջում էր Եվրամիությունը: Չնայած Իրանի հետ տնտեսական, սոցիալական, հնարավոր է՝ նաեւ քաղաքական կապերի վերականգնման հեռանկարները եվրոպացիների մեծ մասի համար գրավիչ են, փաստացի հետեւանքները կարող են նյութականացվել շատ ավելի դանդաղ, քան ոմանք են ակնկալում:

Անվտանգության տեսանկյունից գլխավոր ձեռքբերումն այն է, որ համաձայնագիրն ազատում է իրանական միջուկային ռումբից, ինչպես նաեւ բացառում է արեւմտյան ռազմական հարվածներն Իրանի միջուկային օբյեկտների ուղղությամբ: Ամեն դեպքում, արաբական երկրներում եւ Իսրայելում կառավարությունները մտավախություն ունեն, որ գործարքը խրախուսում է Իրանին սովորական պայմաններում:

Տրանսատլանտյան գործընկերները պետք է կենտրոնանան տարածաշրջանային ուժային խաղի ուղղությամբ՝ ճնշում գործադրելով Իրանի, ինչպես նաեւ Իսրայելի եւ շեյխերի կողմից կառավարվող Պարսից ծոցի երկրների նկատմամբ, որպեսզի նրանք ավելի կառուցողական դեր ստանձնեն:

Տնտեսական տեսանկյունից եվրոպական ընկերություններն իրանական շուկա դուրս գալու լավ հնարավորություն կունենան՝ պայմանով, որ ամերիկյան մնացորդային պատժամիջոցներ չլինեն, որոնք կխոչընդոտեն (տեսականորեն կամ հոգեբանորեն) մասնավոր հատվածի այդպիսի փոխգործակցությանը:

Եվ չնայած նավթային եւ գազային առանձին ընկերություններ, ամենայն հավանականությամբ, մի շարք շահեկան պայմանագրեր կապահովեն, Եվրոպայի համար ավելի լայն փոփոխությունները, հավանաբար, ավելի պակաս արտահայտված կլինեն: Լրացուցիչ իրանական գազի մեծ մասը կկլանվի ներքին շուկայում, իսկ դեպի Եվրոպա գազատարի կառուցումն ու ենթակառուցվածքների ստեղծման համար որոշ ժամանակ կպահանջվի: Իրանական նավթահորերը, սակայն, լրջորեն վնասվել են երկարատեւ շրջափակման հետեւանքով, այդ պատճառով զգալի ներդրումներ են պահանջում:

Եվ այսպես, չնայած բոլոր նրանք, ովքեր մասնակցել են բանակցություններին, կարող են վաստակած հանգստի գնալ, լավ կլինի, որպեսզի այն կարճատեւ լինի: Ծանր աշխատանքը շարունակվում է, եւ Եվրոպան՝ Եվրամիությունն ու անդամ պետությունները, պետք է ոչ միայն օգուտ քաղեն այս գործարքից, այլեւ կյանք տան դրան: