ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Շվեյցարիայի Համադաշնության Ազգային տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը։
Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը, ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանը, պաշտոնատար այլ անձինք և հյուրեր։
Հանդիսավոր ընդունելության շրջանակում ներկայացվել է նաև We Are Water (Մենք ջուր ենք) խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը։
Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանը ՀՀ Կառավարության անունից շնորհավորել է Շվեյցարիայի ժողովրդին Ազգային տոնի առիթով՝ մաղթելով խաղաղություն, բարեկեցություն և շարունակական առաջընթաց. «Շվեյցարիան աշխարհում, իրավամբ, ասոցացվում է ժողովրդավարության ամուր ավանդույթների, մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության, խաղաղության և կայուն զարգացման արժեքների հետ։ Հայաստանը կիսում է այս արժեքները և բարձր է գնահատում Շվեյցարիայի հետ ձևավորված բարեկամությունն ու փոխադարձ վստահության վրա հիմնված գործընկերությունը»։
Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ կարևորել է Բեռնում Հայաստանի Հանրապետության դեսպանության պաշտոնական բացումը և շեշտել, որ առկա է համագործակցության մեծ ներուժ հատկապես կրթության, գիտության և նորարարության, ոլորտներում․ «Կրթությունն ու գիտությունը ոչ միայն երկրների զարգացման շարժիչ ուժերից են, այլև ժողովուրդների միջև երկարաժամկետ կապեր ձևավորելու կարևոր միջոց։ Վստահ եմ, որ Հայաստանի և Շվեյցարիայի համալսարանների, գիտահետազոտական հաստատությունների, գիտնականների և երիտասարդների միջև համագործակցության ընդլայնումը նոր բովանդակություն կհաղորդի երկկողմ հարաբերություններին»։
Անդրադառնալով հանդիսության շրջանակում բացված We Are Water ցուցահանդեսի խորհրդին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանի և Շվեյցարիայի նման լեռնային երկրների համար ջուրը ոչ միայն բնության հարստություն է, այլև պատասխանատվություն ապագա սերունդների նկատմամբ․ «Խորհրդանշական է, որ նախաձեռնությունն անցկացվում է Երևանում նախատեսված COP17-ին ընդառաջ՝ ևս մեկ անգամ ընդգծելով բնապահպանական պատասխանատվության, կրթության, գիտելիքի և միջազգային համագործակցության կարևորությունը»։





























