Անհայտ գրոհայիններ ազատ են արձակել Թուրքիայի 18 քաղաքացիների, որոնց գերեվարել էին սեպտեմբերի 2-ին: Այս մասին հաղորդել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը: Ըստ այդմ, զինված մարդկանց խումբը համացանցում տեսանյութ է հրապարակել, որի տիտրերում ասվում է, որ պատանդների ազատ արձակումը հնարավոր է եղել շնորհիվ այն բանի, որ Թուրքիայի իշխանությունները կատարել են իրենց պահանջները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մեզ հետ մարդասիրաբար են վերաբերվել»,-արաբերենով ասել է պատանդներից մեկը:

Տեսանյութում երեւում են գրոհայինների պատանդառության տակ գտնվող Թուրքիայի 16 քաղաքացիները: Հայտնի է դարձել, որ սեպտեմբերի կեսերին 18 գերիներից երկուսին ազատ էին արձակել:

Նշենք, որ սեպտեմբերի 2-ին ավելի քան 10 մարդ դիմակներով ու զինվորական հագուստով ներխուժել են Բաղդադի արեւելքում գտնվող օլիմպիական մարզահամալիրի շինհրապարակ եւ անհայտ ուղղությամբ տարել 18 թուրքերի՝ 15 բանվորների եւ 3 ինժեներների: