4 տարի առաջ Հայաստանում Ֆրանսիայի քաղաքացու սպանության գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Փարաքարի բնակիչ, նախկինում դատված Գեւորգ Խաչատրյանը Ֆրանսիայի հանրապետության քաղաքացի Մոնիկ Հարլեին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ 2011թ. դեկտեմբերի 12-ին Մարոկկոյից վերջինիս հետ ժամանել է Հայաստան: Այստեղ նա սպանել է Մոնիկ Հարլեին, հափշտակել բանկային քարտերը եւ 2012թ. հունվարի 19-ին վերադարձել Մարոկկո: Այնուհետեւ բնակվելով Մարոկոյի Մարաքեշ քաղաքում գտնվող Մոնիկ Հարլեի առանձնատանը՝ փորձել է վերջինիս Ֆրանսիական բոլոր ակտիվների փոխանցում կատարել ինտերնետի միջոցով, սակայն 2012թ. մարտի 23-ին ձեռբակալվել է Մարոկոյի ոստիկանության կողմից:

Գեւորգ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Նա կալանավորված է:

Հիշեցնենք, որ Գեւորգ Խաչատրյանը կալանավորվել է 2015թ. ապրիլին: Նա ոստիկանությանը պատմել էր, որ վախի ազդեցության տակ է սպանել Ֆրանսիայի քաղաքացուն: