Ռուսաստանի տնտեսությունում առկա բացասական միտումները բացի ամենայնից անդրադարձել են նաեւ բնակչության զբաղվածության եւ վարձու աշխատակիցների աշխատավարձերի դինամիկայի վրա: Այսպես, զբաղված բնակչության թվաքանակը օգոստոսին տարեկան կտրվածքով նվազել է 150 հազարով, կամ 0.2 տոկոսով, իսկ գործազուրկների քանակը աճել 326 հազարով, կամ 8.9 տոկոսով: Այդ նույն ժամանակահատվածում իրական աշխատավարձը կրճատվել է 9.8 տոկոսով:
Հասկանալի է, որ այս ամենն առաջին հերթին հարվածում է զբաղվածների առավել խոցելի խմբերին ՝ աշխատանքային միգրանտներին: Բացի դրանից, վերոնշյալ խնդիրներին ավելացել է նաեւ Ռուսաստանի մուտքի կանոնների խստացումը: Դրա հետեւաքնով ԱՊՀ երկրներ «ռուսական» փոխանցումների հոսքը նկատելիորեն կրճատվել է:
Ռուսաստանի Կենտրոնական բանկի տեղեկություններով ՝ ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակում մասնավոր փոխանցումները (ֆիզիկական անձանց ոչ կանխիկ փոխանցումները) ԱՊՀ երկրներ տարեկան կտրվածքով կրճատվել է ավելի քան 2.1 մլդով կամ 40.8 տոկոսով: Առավելագույն բացարձակ անկումը (782 մլն դոլարով կամ 47.5 տոկոսով ) բաժին է ընկել Ուզբեկստանին, որը ռուսական փոխանցումների գումարով ավանդաբար առաջին տեղն է զբաղեցնում ԱՊՀ երկրների շարքում: Նրան հաջորդում է Տաջիկստանը (492 մլն դոլարի անկում) ու Ուկրաինան ( 301 մլն. դոլարի) :
Համագործակցության երկրներից միակ բացառությունը Ղազախստանն է, որի ուղղությամբ Ռուսաստանից փոխանցումները ավելացել են 53 մլն դոլարով կամ 37.1 տոկոսով: Բայց նույնիսկ այս դրական ցուցանիշով հանդերձ, Ղազախստանը «ռուսական» փոխանցումների բացարձակ գումարով միեւնույն է 1.3 անգամ զիջում է Հայաստանին:
Մեր երկիրը տվյալ ցուցանիշով միջին տեղ է զբաղեցնում ԱՊՀ երկրների շարքում (տես գրաֆիկը): Ռուսաստանի կենտրոնական բանկի տվյալներով՝ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում ռուսական փոխանցումների հոսքը մեր երկիր կրճատվել է 140 մլն դոլարով կամ 35.4 տոկոսով: Նկատենք, որ սա ԱՊՀ երկրների շարքում վատագույն ցուցանիշը չէ, ինչի շնորհիվ էլ Հայաստանի մասնաբաժինը ռուսական փոխանցումների ընդհանուր գումարում ավելացել է 0.7 տոկոսային կետով, հասնելով 8.2 տոկոսի: Բնականաբար տվյալ «առաջընթացը» վկայում է միայն այն մասին, որ այս ոլորտում իրավիճակը կարող էր ավելի վատ լինել:
Սույն գրաֆիկում ներկայացված են ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում Ռուսաստանից ԱՊՀ երկրներ փոխանցումների բացարձակ գումարները:






























